-Երկրի տնտեսության մեջ զբաղվածության 20-21 տոկոսն ապահովում է առևտրի և  հասարակական  սննդի ոլորտը, որտեղ  ընդգրկված է 130-135 հազար աշխատող, նրանցից  2600-ը ճյուղային հանրապետական  միության մեջ ընդգրկված արհմիության անդամներ են: Ոլորտի սոցիալական  խնդիրները բավական  շատ են, հանրային  սննդի աշխատողի  միջին աշխատավարձը  կազմում է 100 հազար դրամ, առևտրի ոլորտի աշխատողինը՝ 130 հազար դրամ, այն  դեպքում,  երբ ՀՀ-ում  միջին աշխատավարձը 180 հազար է, այս ոլորտի աշխատողներն աշխատում են աշխատանքային  նորմերի,  ռեժիմի խախտմամբ, լիարժեք հանգստի պայմանների  բացակայության  պայմաններում: 
Շմավոն Մկրտչյանն իր խոսքում  նշեց, որ ոլորտի աշխատողների հանգստի իրավունքի, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջումների բացակայությունը կամ դրանց շատ կարճ լինելը ևս համատարած բնույթ են կրում: Կան  աշխատավայրեր, որտեղ   առողջ և անվտանգ աշխատանքային  պայմանների  բացակայությունը սովորական երևույթ է, որտեղ  գործատուները աշխատողներին ներկայացնում են այնպիսի պահանջներ, որոնք հակասում են միջազգային և ներպետական իրավական ակտերով ամրագրված աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների վերաբերյալ դրույթներին: Աշխատողները հետագայում ձեռք են  բերում  մասնագիտական հիվանդություններ, որոնք ամբողջ օրվա ընթացքում նստած կամ կանգնած մնալու հետևանք են: Հատկապես համատարած են ողջ աշխատաժամանակի ընթացքում աշխատողների պարտադիր կարգով, առանց բացառությունների, ոտքի վրա մնալու հարկադրանքը, որը տվյալ ոլորտի աշխատողների մոտ հաճախ հասնում է 12 ժամի: 
-Առկա  խնդիրներով  հանդերձ այն  կազմակերպություններում, որտեղ  ստեղծվել են արհմիություններ և անդամակցում են ճյուղային  միությանը, գործատու-արհմիություն հարաբերություններում սոցիալական  գործընկերությունը կարող եմ  համարել բավարար, քանի որ արհմիութենական կազմակերպության առկայության  պայմաններում արհմիությունը աշխատողի  իրավունքի  պաշտպան լինելուց  բացի նաև  պատասխանատվություն է  կրում կոլեկտիվ հնարավորություններն առավել արդյունավետ  օգտագործելու համար: Այդ պարագայում  գործատու-արհմիություն  հարաբերությունները կրում  են  կանոնակարգված  բնույթ և  երկուստեք  ստանձնում են խնդիրների լուծման  պատասխանատվությունը,- ասաց Շ. Մկրտչյանը:
Զրուցակիցս  արհմիություն-գործատու  հարաբերություններում կարևորեց   կոլեկտիվ  պայմանագրի դերը, որը սոցիալական  գործընկերության համերաշխության,  խնդիրների լուծման արդյունավետ եղանակների  որոշման  միջոց է: Այդ  պայմանագրի առկայությունը  հնարավորություն է  տալիս արհմիությանը գործատուի հետ բանակցության արդյունքում  լուծել աշխատողի աշխատանքի հետ կապված բազմաթիվ հարցեր: Վերջերս աշխատանքից ազատման  և արձակման նպաստի  չվճարման համար  բողոքով  ՃՀՄ-ին  դիմել էր ոլորտի մի աշխատակից, որի խնդիրը  ՃՀՄ-ի նախագահի միջամտության  շնորհիվ  դրական  լուծում ստացավ:
-Ցավոք, այն  կազմակերպություններում, որտեղ  չկան արհմիութենական  կազմակերպություններ,  նմանատիպ խնդիրների  հետ  կապված ճյուղային  միությունը  միջամտելու  իրավունք  չունի: Աշխատողի  իրավունքների խախտման մեկ այլ  պատճառ է  աշխատանքային  պայմանագրի  բացակայությունը կամ  դրա  բովանդակության մասին  անտեղյակությունը, աշխատողն աշխատանքի  ընդունվելիս ստորագրում է աշխատանքային  պայմանագիրն առանց  բովանդակությանը  ծանոթանալու: Եթե անդրադառնամ  խորհրդային  տարիներին,  չկարծեք, թե խոսքը  կարոտախտին է  վերաբերում,  պարզապես այն  ժամանակ աշխատողին,  գործատուի  նախաձեռնությամբ աշխատանքից  ազատելիս  պահանջվում էր  նաև արհմիության  համաձայնությունը: Այսօր  նման  մեխանիզմ  չկա, արհմիության  նախաձեռնությամբ գործադուլ կազմակերպելը գործնականում անհնար է,  գործատուի հետ  կոլեկտիվ  պայմանագիր կնքելը՝ կամավոր,- մեկնաբանեց Շ. Մկրտչյանը: 
Նրա փոխանցմամբ` արհմիությունների  գործունեության մասին այսօր  հանրության  շրջանում  իրազեկման  խնդիր կա, քանի որ վերջինիս  պատկերացմամբ` արհմիությունները սոսկ առողջարանի,  ճամբարների  ուղեգրեր,  բնակարարաններ, ավտոմեքենաներ  տրամադրող միություն են,  հետո  միայն,  երբ աշխատանքի  հետ կապված  խնդիրներ են  ծագում,  հիշում են, որ արհմիությունները  իրենց աշխատանքային խախտված իրավունքների պաշտպանն են:
-Առևտրի  և սպասարկման ոլորտում արհմիութենական  կազմակերպություններ  ձևավորելը փոքր-ինչ խնդիր է այն առումով, որ առևտրի և սպասարկման  ոլորտի ձեռնարկությունների ցանցը տարածված է  հանրապետության  ողջ տարածքով, տարբեր գործատուներ են,  տարբեր բաժանմունքներ, դրանք  լուրջ  խոչընդոտներ են արհմիութենական  կազմակերպություն  ստեղծելու  ճանապարհին, և դրանք  կոորդիանացնելն ու դրանց  հետ միասնական աշխատանք  տանելը բավականին  բարդ է: Բացի դրանից,  գործատուները  խուսափում են իրենց ընկերություններում արհմիության  ներկայությունից,  նրանց  կարծիքով` արհմիության  նպատակը  գործադուլների միջոցով  իրենց  գործունեությանը խոչընդոտելն է: Մինչդեռ արհմիության  նպատակն է գործատուի  հետ համագործակցության հենքի  վրա  նպաստել նաև տնտեսության և բիզնեսի զարգացմանը, որի արդյունքում արհմիություն-գործատու  համագործակցությունից  կշահի ոչ միայն աշխատողը, ում աշխատանքային իրավունքները  կպաշտպանվեն,  աշխատանքային  պայմանները կբարելավվեն,  այլև կշահեն   գործատուն  ու  նրա  բիզնեսը,  և  գործատուներն այլևս  արհմիությունը  չեն  ընկալի որպես «բոբո»,- ասում է Շ. Մկրտչյանը:
Նա  անդրադարձավ  նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  գործունեությանը,  նշելով, որ  ներկայիս  տեսչական  մարմնի գործունեության շրջանակը սահմանափակ է, որ այսօր արհմիություն-տեսչական  մարմին կապը գրեթե  բացակայում է,  մինչդեռ համատեղ գործունեության  դեպքում  կարող են  վերահսկողություն  սահմանել հիմնարկ-ձեռնարկություններում աշխատողների առողջության և նրանց աշխատանքային պայմանների բարելավման հարցերի նկատմամբ: 
-Աշխատանքի  պետական  տեսչության  վերականգնումը  ժամանակի հրամայականն է, դրա  համար անհրաժեշտ են օրենսդրական  փոփոխություններ,  կառավարության  համապատասխան  որոշումներ: Տեղյակ եմ, որ այս  օրերին այդ  հարցը օրակարգային է: Ես կարծում եմ, որ արհմիութենական  ընտանիքը  ուժերը  համախմբելու, կոլեկտիվ հնարավորությունների  օգտագործման  լուրջ  ռեսուրս է: Դիտարկենք թեկուզ  անդամավճարի տեսանկյունից, որոնց  միջոցով  լուծվում են աշխատողների իրավունքների  պաշտպանության, նրանց սոցիալական, հանգստի,  մշակութային  միջոցառումների  խնդիրները: Դե,  պատկերացրեք, անդամավճարների  բացակայության դեպքում  գործատուն այդ ամենի  համար  պետք է  ֆինանսներ  հատկացնի,  իսկ արհմիության  գոյության  պարագայում  նա  այդ  ֆինանսները  կուղղի արտադրության  արդիականացմանն ու աշխատանքային  պայմանների  բարելավմանը, ինչի արդյունքում կբարձրանա տնտեսության  շահութաբերությունը,- մեր զրույցի ավարտին ասաց Շմավոն Մկրտչյանը:
 
Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ